Օդանավակայանի տաքսիների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունումը հետաձգվեց

Օդանավակայանի տաքսիների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունումը հետաձգվեց

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու հավասար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է տաքսիներին ուղևորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա տրամադրել:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին ու ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ»,- նշված է նախագծում:

Իսկ նախագծի ընդունման կարևորությունն այսպես է հիմնավորված. «Օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի արդյունքում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների տարածքում ուղևորների նկատմամբ՝ նրանց բանավոր հավաքագրելու միջոցով անհանգստություն պատճառելու արդյունքում: Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է:

Բացի այդ, օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար»:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, թե նախագիծը կարող է որոշակի դժգոհություններ առաջացնել, տպավորություն է, թե զբոսաշրջիկներն ավելի են կարևորվում, քան ՀՀ քաղաքացիները: Թունյանն առաջարկեց շարունակել նախագծի վերաբերյալ քննարկումները, և դրա ընդունումը հետաձգել: Հանձնաժողովը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգեց նախագծի ընդունումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում