Ավարտվել է Սյունիքում 2021-ի ապրիլին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը. ՔԿ

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի կողմից մի խումբ այլ պաշտոնատար անձանց հետ Ագարակ, այնուհետև Մեղրի բնակավայրերում շրջայցեր կատարելու ընթացքում Ա.Գ.-ն իր հանցավոր նպատակն իրագործելու, բնակչության շրջանում պետական մարմինների և պաշտոնատար անձանց նկատմամբ դժգոհություն և անհանդուրժողականության մեծ ալիք բարձրացնելու, հասարակական կարգը խախտող հակաիրավական գործողություններն արդարացնելու, դրանց մեծ թափ հաղորդելու, հակաիրավական գործողությունների կատարմանը մեծ թվով անձանց ներգրավելու, մասնակիցների թիվն ավելացնելու, նրանց մոտ բռնության, գույքի ոչնչացման, վնասման և այլ հակաիրավական գործողություններ կատարելու վճռականություն հարուցելու, ներգրավված անձանց ավելի ագրեսիվ գործողությունների մղելու, նշված հակաիրավական գործողությունները զանգվածային անկարգությունների վերածելու նպատակով՝ ընկերության մեկ այլ դեպարտամենտի ղեկավարի հետ նախապես ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ լրատվամիջոցներից մեկի լրագրողի և օպերատորի միջոցով և տվյալ լրատվամիջոցի ներգրամամբ ապահովել է տեղի ունեցող իրադարձությունների կազմակերպված բնույթ կրող հակաիրավական գործողությունների ուղիղ հեռարձակումը:
Լրատվամիջոցի օպերատորն իր հերթին ապահովելով ուղիղ հեռարձակումը՝ զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու նպատակով ոչ թե տեսանկարահանել և լուսաբանել է պաշտոնական այցի մանրամասները, այլ՝ հակաիրավական գործողությունները, որն ուղեկցվել է իր և լրագրողի կողմից նշված հակաիրավական գործողություններն արդարացնելով, պաշտոնատար անձանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելով՝ նպատակ ունենալով բնակչությանը ներգրավել տեղի ունեցող հակաիրավական գործողություններին:
Ա.Գ.-ն այդ ընթացքում կազմակերպել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարումը, որը դրսևորվել է հետևյալ գործողություններով. մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, այն է՝ բարոյականության նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի ցուցադրմամբ հրապարակայնորեն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով հարակից շենքերի բնակիչների, հասարակական նշանակության օբյեկտների աշխատակիցների, հանդիպման եկած և ուղիղ հեռարձակմամբ հետևող բազմաթիվ անձանց նկատմամբ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող և իշխանության ներկայացուցիչ հանդիսացող իրավապահ մարմինների օրինական պահանջներին, այլ ընդհակառակը՝ հրմշտել, քաշքշել, հարվածներ են հասցրել վերջիններիս, որը զուգորդվել է նաև ուրիշի գույքի վնասմամբ: Մասնավորապես՝ կատարված խուլիգանության ընթացքում վնասել են ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների վարած ավտոմեքենայի առջևի դուռը, պատռել են Պետական պահպանության ծառայության պետի և աշխատակցի հագուստները, պոկել են Ոստիկանության աշխատակցի ուսադիրը, պատռել են վերջինիս համազգեստը, ինչի արդյունքում խաթարվել է հասարակական անդորրը և տրանսպորտի անխափան աշխատանքը, հասարակական վայրում չի պահպանվել օրինապահ և կայուն վարքագիծը, խաթարվել է մարդկանց ամենօրյա կենսագործությունեությունը, ինչպես նաև խոչընդոտվել է ՀՀ վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ:
Բացի այդ, Ա.Գ.-ի կազմակերպմամբ երկու տասնյակից ավելի անձինք հավաքվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, ուր Մ.Հ.-ի ցուցումներով եկել են նաև Գորիս համայնքի բնակավայրերի մի խումբ ներկայացուցիչներ, ովքեր ձեռք բերված ընդհանուր համաձայնության շրջանակներում, ՀՀ վարչապետի կողմից հիշյալ տարածքով անցնելու ընթացքում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությունն իրացնելու նպատակով՝ նշված վայրում հավաքված անձանց տվել են ցուցումներ, նրանց շահագրգռելու և տարածքը մի քանի ժամ չլքելու նպատակով ապահովել են սնունդով և Գորիս-Կապան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող բլրակի վրա սեղաններ գցել, իսկ հավաքված անձանց մոտ հանցագործության կատարմանը մասնակցելու ցանկություն առաջացնելու, նրանց վրա ներազդելու, խուլիգանական գործողություններ կատարելու վճռականություն հարուցելու և նրանց ակտիվ գործողությունների դրդելու նպատակով ալկոհոլ են հյուրասիրել:
Շարունակելով խուլիգանության կազմակերպանն ու ղեկավարմանն ուղղված իրենց հանցավոր գործողությունները՝ Մ.Հ.-ն և Հ.Ա.-ն հավաքվածներին հրահանգել են տվյալ ճանապարհահատվածով ՀՀ վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում փակել ճանապարհը և խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը:
Բացի այդ՝ Մ.Հ.-ի և Հ.Ա.-ի կազմակերպմամբ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոշարասյանը հարվածելու նպատակով ձվեր են հավաքվել և բաժանվել հավաքված անձանց, որից հետո Մ.Հ.-ն վերջիններիս հրահանգավորել է ձվերով հարվածել ավտոշարասյան ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենաներին:
Այնուհետև, Մ.Հ.-ն և Հ.Ա.-ն ղեկավարել են հանցանքի կատարումը, մասնավորապես՝ վերջիններիս ցուցումներով խուլիգանության մասնակիցների մեծ մասը հավաքվել է դեպի Գորիս տանող ճանապարհի եզրին և ՀՀ վարչապետին և նրան ուղեկցող անձանց կողմից ավտոշարասյունով Կապանից Գորիս մեկնելու ընթացքում՝ Շուռնուխ բնակավայրի մոտ, խուլիգանության մասնակիցները՝ այդ թվում նաև Մ.Հ.-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք են դրսևորել բնակավայրի բնակիչների և ուղիղ հեռարձակմամբ կատարվող իրադարձություններին հետևող բազմաթիվ անձանց նկատմամբ, հրապարակայնորեն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող և իշխանության ներկայացուցիչ հանդիսացող իրավապահ մարմինների օրինական պահանջներին և վերջիններս դիտավորությամբ ձվերով հարվածել են պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենային, ինչը տեսանկարահանվել է նաև ընկերության անվտանգության դեպարտամենտի աշխատակցի կողմից, իսկ տեսանյութը տեղադրվել և տարածվել է համացանցում:
Արդյունքում, Ա.Գ.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ տեղում ծառայություն իրականացնող Ոստիկանության, ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կողմից դրսևորած զուսպ և հավասարակշռված վարքագծի, կազմակերպված բնույթ կրող, սադրող հակաիրավական գործողություններին առանձին դեպքերում համարժեք իրավաչափ հարկադրանք կիրառելուց զերծ մնալու, ինչպես նաև հասարակության լայն շրջանակի կողմից իրավահպատակ վարքագիծ դրսևորելու և հակաիրավական գործողություններին մասնակից չդառնալու արդյունքում մասնակիցների հակաիրավական վարքագիծը չի վերաճել զանգվածային անկարգությունների:
Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ), Զ.Տ.-ի, Ա.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-44-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու փորձ):
Ա.Գ.-ի, Զ.Տ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Չորս անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ