Հիմնանորոգվում է Ծաղկունք բնակավայրի բուժամանկաբարձական կետը

Հիմնանորոգվում է Ծաղկունք բնակավայրի բուժամանկաբարձական կետը

Արդեն մի քանի օր է, ինչ  Սեւան համայնքի Ծաղկունք բնակավայրում իրականացվում են բուժամանկաբարձական կետի հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես հայտնել են Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Ծաղկունքի բուժամանկաբարձական կետը կարիք ուներ հիմնովին վերանորոգման, որի անհրաժեշտությունը ֆրանսիական կողմին ներկայացրել էր Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը՝ Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող առողջապահական ծրագրերի առաջնահերթությունների քննարկման ընթացքում:

Շինաշխատանքները ներառվեցին ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության 2023 թվականի  առաջնահերթություն ներկայացնող ծրագրերում:

«Ապրիլ ամսին, երբ քույր քաղաք Գրենոբլի միգրացիայի, միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ Էմանուել Կարրոզի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Սեւանում, մի շարք հանդիպումների եւ այցերի թվում էին նաեւ համայնքի Ծաղկունք, Գեղամավան բնակավայրեր կատարած այցերը, որոնց ընթացքում քննարկվեցին նախատեսված առողջապահական ծրագրերը, այն է` բնակավայրերի բուժամանկաբարձական կետերի վերանորոգումը:

Ծրագրի շրջանակներում վերանորոգվում է ԲՄԿ-ի տարածքը` երկու սենյակ, սանհանգույց, իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որոնց արդյունքում բնակավայրը կունենա ներկայանալի, հիմնանորոգված բուժամանկաբարձական կետ: Այս աշխատանքներին կհաջորդի կահավորումը»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում