Ինչպես Շերոն Սթոունը հեղափոխություն կատարեց նորաձևության աշխարհում

Ինչպես Շերոն Սթոունը հեղափոխություն կատարեց նորաձևության աշխարհում

Շերոն Սթոունի կերպարը 1998 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ համարվում է ամենավառը, հիշվողն ու արտասովորն այդ մրցույթի պատմության մեջ, այնպես ինչպես Բյորկի կարապի հագուստը, Սելին Դիոնի տաբատով կոստյումը, որի պիջակը վերջինս թարս էր հագել:

Բանն այն է, որ Սթոունն իր այդ  հագուստով հեղափոխություն կատարեց «Օսկարի ընդունված կանոններում: Սպիտակ, պարզ վերնաշապիկն ու մաքսի, ատլասե, բաց  մանուշակագույն կիսաշրջազգեստը ցնցեցին հանդիսատեսներին ու մամուլի ներկայացուցիչներին: Սթոունի հայտնվելուց հետո կարմիր գորգի կանոնները մեկընդմիշտ կոտրվեցին։

Մինչ այդ ընդունված էր շքեղ զգեստ, պարտադիր բարձրակրունկներ, շքեղ սանրվածք: Հիմա կանոններն ավելի դեմոկրատական են՝ աստղերը կարող են հայտնվել կարմիր գորգին նաև կեդերով, առանց հատուկ դիմահարդարման ու սանրվածքի: Հիշենք թեկուզ այս տարվա մրցանակակիրներին՝  Քլոե Չժաոյին և Ֆրենսիս Մքդորմանին:

23 տարի առաջ այդպիսի բան հնարավոր չէր պատկերացնել: Իհարկե, աստղերին չէին վռնդի դահլիճից, սակայն քննադատական ռեպլիկներ ու հոդվածներ հաստատ կհայտնվեին: Լուսանկարները հաջորդ օրն իսկ կհայտնվեին տաբլոիդներնում ՝ «ամենավատ զգեստը» վերնագրով ու կսկսվեր մեկնաբանությունների «շքերթը»: Նույն ճակատագիրը բաժին հասավ նաև «Հիմնական բնազդի» աստղին: Իսկ ի՞նչ «մեղք» էր գործել Սթոունը. Նա պարզապես համադրել էր Vera Wang-ի շքեղ կիսաշրջազգեստն ամուսնու՝ Ֆիլ Բրոնշտեյնի Gap վերնաշապիկի հետ:  Հիմա այդպիսի համադրությունը դասական է համարվում․ Valentino, Chanel, Prada, Miu Miu նորաձևության տների բոլոր ցուցադրությունների ժամանակ կտեսնեք վերնաշապիկի, կեդերի ու զգեստների  համարձակ համադրություններ: Դրանք հիմա շատ թարմ  տեսք ունեն: Իսկ այն ժամանակ mix & match ոճը շատ զգուշորեն էին օգտագործում:

Հեղափոխությունը՝ հեղափոխություն, բայց շատերը չգիտեն, թե ինչպես է ծնվել այդ գաղափարը: Բանն այն է, որ Շերոն Սթոունը մրցանակաբաշխությանը պիտի մասնակցեր Vera Wang -ի երեկոյան զգեստով: Սակայն առաքման ժամանակ զգեստը տուփով դուրս է ընկել մեքենայի բեռնախցիկից: Մեքենան անցել է դրա վրայով ու անդառնալիորեն փչացրել արվեստի գործը: Շերոնը ճարահատյալ զանգահարել է հագուստի դիզայներ Էլեն Միրոժնիկին ու օգնություն խնդրել: Ժամանակ չկար նոր հագուստ պատվիրելու: Էլենն ընտրել է և համադրել այն, ինչ կա Շերոնի զգեստապահարանում: Հավաքել է այն  փայլուն կերպարը, որը հետագայում դարձել է դասական: Ավելին՝ համարվում է աստղային հանդերձանքի հեղափոխական համադրություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում