Ձերբակալվել են զանգվածային անկարգություններին մասնակցած 20 անձ, տեղեկացնում է ԱԱԾ-ն

Ձերբակալվել են զանգվածային անկարգություններին մասնակցած 20 անձ, տեղեկացնում է ԱԱԾ-ն

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Կառավարության, Ազգային ժողովի շենքերում, «Ազատություն» ռադիոկայանում, պետական և հասարակական այլ վայրերում զանգվածային անկարգությունների մասնակիցներն, Ազգային ժողովի նախագահի նկատմամբ բռնություն գործադրած անձը, ընդհանուր թվով 20 անձինք։

Ըստ հաղորդագրության, հանրությանն իրենց անկարգություններով արդեն իսկ հայտնի՝ հիշյալ անձանց մեծամասնությունը զղջացել է կատարվածի համար, դատավարական հարկադրանք կիրառելուց անմիջապես հետո տրամագծորեն փոխել վարքագիծը և դրսևորել իրավահպատակ, օրինապաշտ քաղաքացուն բնորոշ վարքագիծ:

ԱԱԾ-ն նշում է, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարվել են դեպքի վայրերի զննություններ, անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հայտնաբերվել և վերցվել են կառավարական առանձնատնից հափշտակված իրերը, առգրավվել են դեպքի վայր հանդիսացող տարածքների տեսախցիկների տեսագրությունները, նույնացվել դրանցում առկա անձինք, իրականացվել են այլ տեսակի քննչական ու դատավարական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցների, այդ թվում նաև կազմակերպիչների ինքնությունը պարզելու և նրանց՝ օրենքի առջև պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը նշում է, որ հետևողական պայքար է տանում հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ: Միաժամանակ, ակնկալվում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու վերը հիշատակված դեպքերի, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևացող անձանց ինքնությունների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները:

ԱԱԾ-ն կոչ է անում պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, չտրվել սադրանքների, զերծ մնալ նեղ անձնական կամ կուսակցական շահերը հանրային շահին ստորադասելու, հայրենասիրության քողի տակ հանրությանը մոլորության մեջ գցելու, այս պահին դեռևս մարտական դիրքերում գտնվող զինվորների կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ պետությունն իր ողջ գործիքակազմի կիրառմամբ իրականացնելու է իրավիճակից բխող համարժեք գործողություններ:

ԱԱԾ-ն հայտնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ու դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ: Այդ ընթացքում մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, ինչի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը:

Բացի այդ, նույն օրը զանգվածային անկարգությունների մասնակիցները վերը նշված համաձայնագրի կետերը չկատարելուն պարտադրելու նպատակով Երևան քաղաքում բռնություն են գործադրել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, ինչպես նաև նույն նպատակով բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և վարչապետի նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում