Ջրի, կլիմայի և կենսաբազմազանության խնդիրները համատեղ լուծումներ են պահանջում․ Ռահմոն
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հոկտեմբերի 16-ին Երևանում մասնակցել է Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին՝ ընդգծելով կլիմայի փոփոխության, սառցադաշտերի հալման և ջրային ռեսուրսների պահպանության խնդիրները։
Իր ելույթում Ռահմոնը նշել է, որ կլիմայի փոփոխությունը, բնական միջավայրի դեգրադացիան, հողերի ոչ ռացիոնալ օգտագործումը և մարդու գործունեության այլ հետևանքներ բացասաբար են անդրադառնում էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վրա։
Նրա խոսքով՝ Տաջիկստանը կենսաբազմազանության պահպանությունը համարում է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Երկրում ընդունվել են 25 օրենք և մի շարք ռազմավարական փաստաթղթեր, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման՝ մինչև 2040 թվականի ազգային ռազմավարությունը։
Ռահմոնն ընդգծել է ջրի, կլիմայի և կենսաբազմազանության ոլորտներում միջազգային ջանքերի համադրման անհրաժեշտությունը։
«Տաջիկստանը կլիմայի փոփոխությանը հարմարվելը և դրա ռիսկերի նվազեցումը համարում է կայուն զարգացման երկարաժամկետ քաղաքականության անբաժանելի մաս»,- հայտարարել է նա։
Տաջիկստանի նախագահը հիշեցրել է, որ 2028 թվականին Դուշանբեում կանցկացվի ՄԱԿ-ի ջրային համաժողովը, որի ընթացքում կամփոփվեն «Ջուրը՝ հանուն կայուն զարգացման» 2018–2028 թվականների միջազգային տասնամյակի արդյունքները։
Անդրադառնալով սառցադաշտերի հալմանը՝ Ռահմոնը նշել է, որ դրանք առանցքային նշանակություն ունեն ջրային պաշարների ձևավորման և էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար։
Նա հիշեցրել է նաև, որ Տաջիկստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ը 2025 թվականը հռչակել է Սառցադաշտերի պահպանման միջազգային տարի, իսկ մարտի 21-ը՝ Սառցադաշտերի համաշխարհային օր։
Ռահմոնը հույս է հայտնել, որ երևանյան գագաթնաժողովը նոր խթան կհաղորդի կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։


Կարծիքներ