Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին

Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին

«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Համարում եմ երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական խաղաղության գործընթացի և ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ, և ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին»:

Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնաով փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ Ադրբեջանի պատվիրակության Հայաստան այցին, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Ադրբեջան այցին, որը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերին, երբ Գաբալա քաղաքում կայանում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի 12-րդ հանդիպումը:

Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու էր այցը գաղտնի պահվում:

Փաշինյանը պարզաբանել է, որ եթե կոնֆիդենցիալության ինչ-որ կանոններ պահվում են, ապա դա արվում է հայտնի նկատառումներով, այդ թվում՝ անվտանգության, քանի որ երբ ՀՀ փոխվարչապետն է այցելել Ադրբեջան, նույն կանոնները պահվել են այնտեղ, իսկ ինչ վերաբերում է տեղեկատվական արտահոսքերին, ապա դրանք բացառել հնարավոր չէ:

Ըստ Փաշինյանի՝ գնահատականը, թե տեղեկությունը գաղտնի է պահվել հանրությունից, ամենևին տեղին չէ:

«Ձեր տրամաբանությամբ, երբ Ադրբեջանի փոխվարչապետը այցելում էր Հայաստան, պետք էր կյանքը կանգնեցնել, որպեսզի որևէ մեկնաբանության տեղիք չլինե՞ր: Բայց այդ դեպքում էլ կլիներ մեկնաբանություն, որ Ադրբեջանի փոխվարչապետին ընդունելու համար կյանքը կանգնեցրել եք:

Ընդհանրապես կարծում եմ՝ ցանկացած միջազգային հյուրի մենք պետք է ընդունենք հնարավորինս լավ»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 29-ի առավոտյան Երևան էր ժամանել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող օդանավը, որը տեղափոխել  տեղի պատվիրակությանը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ:

Աղվերանում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում