Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են մրցելույթները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել են հայ ծանրորդները: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (166+209) կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ արդյունք (169+205) և դարձել արծաթե մեդալակիր:

Նշենք՝ պոկում վարժության արդյունքներով Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 169 կգ կշռող ծանրաձողը, իսկ Մկրտչյանը 166 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության արդյունքներով Մկրտչյանը նվաճել է նաև փոքր ոսկե (209 կգ), իսկ Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալը (205 կգ):

Երեկ մրցահարթակ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը, երկամարտի 220 կգ արդյունքով (95+125) զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանն էլ դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ երկամարտում ցույց տալով 336 կգ (154+182) արդյունք: Պոկում վարժության արդյունքներով էլ Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 154 կգ կշռող ծանրաձողը:

Նշենք՝ Հարությունյանի պարգևատրումն իրականացրել է միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է նաև Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը՝ երկամարտում գրանցելով 365 կգ արդյունք (170+195) և զբաղեցնելով 5-րդ տեղը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում