Բայդենը հույս ունի, որ հաջորդ անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենա Պուտինի հետ

Բայդենը հույս ունի, որ հաջորդ անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենա Պուտինի հետ

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար զրույցի ընթացքում հույս է հայտնել, որ հաջորդ անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին են վկայում Բայդենի և Պուտինի՝ տեսակամուրջի ձևաչափով ընթացող բանակցությունների սկզբնամասի տեսակադրերը: Տեղեկությունը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ողջունում եմ Ձեզ, պարոն նախագահ», - դիմելով իր ամերիկացի գործընկերոջը՝ ասել է Վլադիմիր Պուտինը:

Ի պատասխան Ջո Բայդենը ասել է. «Բարի օր: Ուրախ եմ Ձեզ նորից տեսնելու»:

Միմյանց ողջունելուց հետո առաջնորդները սկսել են զրույցը: Առաջինը խոսել է Բայդենը:

«Ցավոք, միմյանց չտեսանք «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ, բայց հույս ունեմ, որ հաջորդ անգամ կհանդիպենք դեմ առ դեմ», - ասել է ԱՄՆ նախագահը:

Վլադիմիր Պուտինը հավանությամբ է պատասխանել Ջո Բայդենի առաջարկին:

Դրանից հետո բանակցությունները շարունակվել են փակ ռեժիմով՝ ինչպես հայտարարվել էր նախապես:

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահը կապի է դուրս եկել ԱՄՆ նախագահի հետ Սոչիի Բոչարով Ռուչեյ նստավայրից:

Կրեմլը և Սպիտակ տունը նախապես տեղեկացրել էին, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները դեկտեմբերի 7-ին հեռավար բանակցություններ են անցկացնելու պաշտպանված տեսակապի միջոցով: Այսօրվա տեսակամուրջը Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հինգերորդ շփումն է՝ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինի և Բայդենի շփումը կարող է բավական երկար տևել: Ըստ նրա՝ խոսակցությունը կտևի այնքան, որքան պետք է. նմանատիպ բանակցությունները հստակ «թայմինգ» չեն ունենում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում