Մարոկկոյի հյուսիսում հրդեհները ոչնչացրել են մոտ 9,2 հազար հեկտար անտառ

Հուլիսի 13-ից մոլեգնող սաստիկ հրդեհները Մարոկկոյի հյուսիսում ոչնչացրել են մոտ 9,2 հազար հեկտար անտառ։
«Հուլիսի 13-ից ի վեր անտառային հրդեհները ոչնչացրել են մոտ 9,2 հազար հեկտար անտառածածկ Լարաչ, Տետուան, Ուազան և Շեֆշաուեն նահանգներում», - երեքշաբթի երեկոյան հաղորդում է Maghreb Arabe Press (MAP) լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության իշխանությունների տվյալները։ Վնասվել են պտղատու ծառերով տարածքները, ոչնչացվել են հրդեհի մեջ այրված անտառներում գտնվող բազմաթիվ մեղվափեթակներ։
Հրդեհների հիմնական պատճառը, ըստ մասնագետների, անոմալ շոգն է, անապատի տաք քամին և երաշտը։
Գյուղատնտեսության, ձկնաբուծության, գյուղական զարգացման, անտառների և ջրային տնտեսության նախարարությունը հատուկ հանձնաժողովներ է ստեղծել՝ հետևելու հրդեհի իրավիճակին և գնահատելու վնասները:
Հրդեհների դեմ պայքարելու համար մի քանի հազար մարդ է ներգրավված տարբեր կառույցներից՝ թագավորական զինված ուժերից, թագավորական ժանդարմերիայից, օժանդակ ուժերից, քաղաքացիական պաշտպանության, ջրամատակարարման և անտառային ծառայություններից։ Նրանց ակտիվորեն օգնում են տեղի բնակչության կամավորական ջոկատները։
Կարծիքներ