Մալայզիայի կառավարությունը 23 մլն դոլար կհատկացնի ջրհեղեղից տուժած տարածքների վերականգնման համար

Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը հայտարարել է երկրի արևմուտքում հզոր ջրհեղեղների հետևանքով ավերված ենթակառուցվածքների և բնակարանների վերականգնման համար 100 միլիոն ռինգգիտ (23,6 միլիոն դոլար) հատկացնելու մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը գրում է New Straits Times թերթը ։
«Իշխանությունները այդ նպատակների համար կհատկացնեն 100 միլիոն ռինգգիտ, բացի այդ, աղետից տուժած յուրաքանչյուր ընտանիք փոխհատուցում կստանա հազար ռինգգիտի (236 դոլար) չափով»,- ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ միջոցների մի մասը հատկացվելու է պետբյուջեից, իսկ մնացածը կտրամադրվի պետական ընկերությունների կողմից։
Վարչապետը նաև նշել է, որ 103 ժամանակավոր տարհանման կենտրոններ արդեն տեղակայվել են Սելանգոր նահանգում, որն ամենաշատն է տուժել ջրհեղեղներից, կիրակի օրը դրանք ընդամենը 48-ն էին։
«Մենք լրացուցիչ բժշկական անձնակազմ ենք ուղարկում, որը կանցկացնի կորոնավիրուսի թեստավորում»,- ասել է Իսմայիլ Սաբրին։
Նրա խոսքով՝ ջրհեղեղից տուժած քաղաքացիական ծառայողներին կտրամադրվի վճարովի արձակուրդ։
Վերջին տվյալներով՝ առնվազն 10 մարդ անհետ կորել է, ավելի քան 41 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները։ Տեղի օդերևութաբանական ծառայությունների տվյալներով՝ արևմտյան Մալայզիայի մի քանի շրջաններում տեղումներն ամենաուժեղն են դարձել վերջին 100 տարվա ընթացքում։
Կարծիքներ