Այնքան ծանր էի տանում կորոնավիրուսը, որ դժվարանում էի անկողնուց վեր կենալ. Քիմ Քարդաշյան

Ծագումով հայ ամերիկացի հեռուստաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի վերջին եթերաշրջանի հաղորդումներից մեկում հայտնել է, որ իրավաբանի որակավորման քննությունից օրեր առաջ կորոնավիրուսով է վարակվել։ Այդ մասին գրում է Independent-ը։
Քարդաշյանը նշել է, որ 5-ամյա որդին՝ Սեյնթը, անցյալ տարվա վերջին կորոնավիրուսով է վարակվել նախադպրոցական հաստատությունում, այնուհետև վարակել իրեն խնամող մորը։ Այդ պատճառով 2 շաբաթով ռեալիթի շոուի նկարահանումները ընդհատվել են։
Քարդաշյանը կորոնավիրուսը ծանր է տարել. նրա մոտ եղել է հազ, տենդ ու թուլություն։
«Մենք պետք է քննության նախաշեմին ամեն օր 12-ժամյա վերապատրաստման դասընթացներ անցկացնեինք, բայց ես ինձ այնքան վատ էի զգում և այնքան ծանր էի տանում կորոնավիրուսը, որ դժվարանում էի նույնիսկ անկողնուց վեր կենալ»,- ասել է նա։ Այնուամենայնիվ, Քարդաշյանը որոշել է թեստ հանձնել։
«Դա ամենադժվար բանն էր, որ ես երբևէ արել եմ։ Ես հաստատ գիտեմ, որ այս անգամ քննությանն ավելի լավ էի պատրաստ, քան նախորդ անգամ։ Եթե անցնեմ, հրաշք կլինի, որովհետև այն հանձնել եմ կորոնավիրուսով հիվանդ ժամանակ»,- ասել է նա։
Այնուհետև սոցցանցերում երկրպագուներին նա տեղեկացրել է, որ կրկին չի կարողացել իրավաբանի որակավորում ստանալու համար բավարար գնահատական ստանալ, սակայն «չի հուսահատվում և պատրաստվում է ևս մեկ անգամ հանձնել»։
Կարծիքներ