Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի գործողություններով Աբովյանի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել 15,900,000 դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածք

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի գործողություններով Աբովյանի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել 15,900,000 դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածք

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի հանցավոր գործողությունների հետևանքով Աբովյան համայնքում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներ։ Այս մասին հայտնում է կոմիտեն։

 

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իրավական հիմքերի բացակայության պայմաններում իրականացրել է հողատարածքների սեփականության իրավունքի ապօրինի գրանցման գործընթացը:

 

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևան-Սևան ավտոմայրուղուն հարող հատվածից անժամկետ օգտագործման իրավունքով ապօրինի որոշմամբ հատկացված 0,2200 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգի խախտմամբ և համապատասխան փաստաթղթերի բացակայության պայմաններում գրանցել է  քաղաքացու սեփականության իրավունքը՝ որպես հիմք նշելով Առինջի գյուղապետի՝ 1996 թվականի հոկտեմբերի 1-ի գոյություն չունեցող որոշումը:

 

Կադաստրի կոմիտեի վերը նշված պաշտոնյայի հանցավոր գործողությունների հետևանքով Աբովյան համայնքի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել առանձնապես խոշոր չափերով՝ 15,900,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը:

 

Բացի այդ, Կադաստրի կոմիտեի մեկ այլ աշխատակցի ներկայացրած՝ նույն հողատարածքում 3965,65 քմ մակերեսով շինությունների վերաբերյալ ուրվագծերի հիման վրա վերը նշված պաշտոնատար անձը սեփականության իրավունքի վկայականում ներառել է կեղծ տվյալներ և առանց օրինական հիմքերի առկայության նույն հողամասի գրանցումն իրականացրել 0,08 հա մակերեսով ավել:

 

Արդյունքում՝ Աբովյան համայնքի հաշվեկշռից, առանց իրավական հիմքի, ապօրինի դուրս է բերվել նաև առանձնապես խոշոր չափերով՝ 9,760,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը, իսկ համայնքը զրկվել է այդ հողատարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

 

Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և նույն օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 2 դրվագ՝ 445-րդ հոդվածի 1-ին մասին):

 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում