Ես Նվարդն եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 29 տարեկան եմ. տեսել եմ երեք պատերազմ

Ես Նվարդն եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 29 տարեկան եմ. տեսել եմ երեք պատերազմ

Ֆեյսբուքի օգտատեր Նվարդ Ավետիսյանը գրում է.

«Ես Նվարդն եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ 29 տարեկան եմ, ասում են՝ սա լավագույն տարիքն է կյանքը վայելելու, աշխարհը տեսնելու, Coldplay-ի համերգին պարելու, երազանքների հետեւից գնալու, նոր բաներ սովորելու ու ուղղակի ապրելու համար։

Ես Նվարդն եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ 29 տարեկան եմ. տեսել եմ երեք պատերազմ։ Կես տարի առաջ որոշեցինք, որ հոկտեմբերի 1-ին մենք կամուսնանանք։ Մի քանի օր առաջ իմ Bride to be հավաքույթի համար չատ բացեցի ու դուրս եկա, որ ընկերներս կազմակերպեն, հիմա ես եւ ընկերներս մտնում ենք սոցիալական ցանցեր, փակում ենք աշխարհի երիտասարդների առօրյա կյանքով լի տեսանյութերը եւ փորձում ենք մեր տարածաշրջանի քոնթենթում հասկանալ, թե տվյալ տեսանյութում եղած դիակները քանի օրվա են, որպեսզի պարզ լինի, թե որ պատերազմի զոհերն են նրանք։ Հիմա իմ ընկերները հաճախ են խոսում էդ հարսանիքից, երբ ես սենյակում չեմ, որովհետեւ տեսել են ինձ այս 6 ամսվա ընթացքում, եւ ես այնքան էի հոգնեցրել նրանց էդ հարսանիքի մասին նորություններով։

Ես 29 տարեկան եմ եւ Հայաստանի Հանրապետությունում իմ սերնդակիցների եւ մնացածի հետ փորձում ենք ապրել եւ հաճախ այդ փորձերը ձախողվում են։

Մեր հարսանիքի համար մենք ընտրել էինք բացօթյա տարածք, եւ քանի որ հոկտեմբերի 1-ին է, ես վախենում էի, որ եղանակը կփչացնի այդ օրը, գուցե անձրեւ գա կամ ցուրտ լինի, ամենայն դետալներով փորձում էինք կազմակերպել, որ հարմարավետ լինի հյուրերի համար, որ սիրուն լինի էդ օրը։ Այսօր սեպտեմբերի 16-ն է, եղանակը 30 աստիճան է, իսկ երկրում պատերազմ է, եւ թեեւ այսօր հարաբերական հանգիստ է իմ երկրի սահմաններին, ես 29 տարեկանում տեսնում եմ երրորդ պատերազմը։ Մեծ հաշվով սա չորրորդն է, որովհետեւ մենք էն սերունդն ենք, որ ծնվել ենք պատերազմի ժամանակ, եւ ոչ մի կանխորոշում չկար, որ մենք ապրելու ենք այս ամենի մեջ։ Եւ աշխատում ու կազմակերպվում ենք, հաղորդակցվում ենք աշխարհի հետ, որ պատմենք այն, ինչ կատարվում է մեր երկրում։

Հա, մենք ապրում ենք, մեր երկրում ընդունում ենք Starmus VI Armenia , հանդիպում ենք տիեզերք գնացած անձանց, գծում ենք պլաններ, նայում ենք Coldplay-ի առաջիկա համերգների ժամակացույցը եւ անգամ որոշում ենք ամուսնանալ, իսկ հետո վազում ենք աշխատավայրի զուգարան, նստում ենք գետնին ու մի կողմ ենք դնում աթեիստ լինելու փաստը ու աղոթում ենք, որ գոնե սիրտ ունենանք, ու թե առաջ ասում էինք՝ ախպեր, թող խաղաղ լինի, սիրտ ունենանք պարելու, հիմա ավելի ֆիզիկական, առանց պաթոսի, ուղղակի ուզում ենք բաբախող սիրտ ունենալ, որովհետեւ իմ երկրում էլի պատերազմ է։

Ես Նվարդն եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ երազածս ընդամենը մի կյանք է, որում հեռախոսիս մեջ ՄԻԵԴ-ի համար նախատեսված վիդեոներ չեն, եւ իմ հպարտությունը Ջերմուկի տղաներն ու աղջիկները չեն, ում շնորհիվ հիմա սա գրելու հնարավորություն ունեմ, իմ երազանքը Tom Odell-ի Another Love-и տակ պարող երիտասարդների տեսանյութերն են իմ հեռախոսում եւ իմ աչքերի առաջ, կյանք եւ վստահություն, որ մեր տանը հոկտեմբերի 1-ից հետո ես մենակ չեմ մնալու։

Հ.Գ. երբեւէ չէի մտածի, որ էս տեքստը կլինի հասանելի որեւէ տիրույթում։ Ներողություն եմ խնդրում էսչափ անկեղծության համար, գուցե չափից դուրս։ Իսկ ինչի եմ հրապարկում, էդ հարցի պատասխանն էնքան հստակ ունեմ՝ որովհետեւ, ի վերջո, պետությունը ես եմ, մարդիկ են ու կյանքերը։

Ես Նվարդն եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ իմ կյանքի երաշխավորը նրանք են, ովքեր պիտի ապրեին իրենց լավագույն տարիները եւ աշխարհն իրենց կյանքով ավելի լավը դարձնեին, գնային եւրոպաներ եւ համերգների, պարեին ու ապրեին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում