Հնդկաստանի հարավ-արեւելքում հորդառատ անձրեւների հետեւանքով ավելի քան 40 մարդ է զոհվել

Առնվազն 41 մարդ է զոհվել, ավելի քան 100 բնակիչ անհետ կորել է հարավ-արևելյան Անդհրա Պրադեշ նահանգում ուժեղ մուսոնների և ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Times of India թերթին:
Հորդառատ անձրեւները, որոնք սկսվել են նոյեմբերի 18-ի երեկոյան, խաթարել են բնականոն կյանքը Ռաջալասիմա եւ Նելլոր շրջաններում, որտեղ 1316 գյուղ հեղեղվել է ջրով: Ջրհեղեղները Տիրուպատի քաղաքը կտրել են արտաքին աշխարհից, որի հետ փլուզվող կամուրջների պատճառով ընդհատվել է երկաթուղային և ճանապարհային կապը։
Տուժած շրջաններում իշխանությունները փրկարարական աշխատանքներ են իրականացնում: Դրանց մասնակցում են ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ և աղետների կառավարման ծառայություններ։
Անդհրա Պրադեշի կառավարությունը հայտարարել է զոհերի ընտանիքներին 500 հազար ռուփի վճարելու մասին։
Ըստ կանխատեսողների՝ հոկտեմբերի 1-ից մինչ օրս նահանգում տեղումներ են եղել ավելի քան 518 մմ, ինչը 68%-ով ավելի է այս ժամանակահատվածի միջին մակարդակից։
Կարծիքներ