Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը. Երևանում տեղի է ունեցել բողոքի ակցիա, նամակներ են հանձնվել դեսպանատներին

Այսօր մի խումբ արցախցի երիտասարդներ և մտահոգ քաղաքացիներ Ազատության հրապարակում կազմակերպել էին բողոքի ակցիա՝ Հայաստանը Արցախին կապող ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից փակելու վերաբերյալ։
Ակցիայի կազմակերպիչներից Արամ Մանուկյանի խոսքով՝ այսօրվա հավաքի նպատակն է դիմել միջազգային հանրությանը, հավատարմագրված դեսպաններին, որպեսզի նրանք իրենց հայտարարություններով և գործուն քայլերով կարողանան այս ագրեսիայի դեմն առնել: «Մենք շատ լավ ենք ճանաչում մեր թշնամուն: Նրանց նպատակն է հայաթափել Արցախը, վատագույն դեպքում ցեղասպանություն իրականացնել: Նրանք շատ հեռուն գնացող նպատակներ ունեն, որ այսպիսի քայլերով փորձում են քողարկել: Շատ կարևոր է միջազգային հանրության գործուն դերակատարությունը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինս մատնանշեց նաև ադրբեջանցի ակտիվիստների ագրեսիվ պահվածքը ռուս խաղաղապահների նկատմամբ, որը, ըստ նրա, փորձ է խաղաղապահների դերակատարությունը չեզոքացնելու կամ նվաստացնելու: «Կարիք ունենք համախմբման: Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի: Մենք այս պահին էլ ենք պատերազմի մեջ, ոչ ակտիվ, բայց պատերազմի մեջ ենք»:
Արցախցի Անի Առաքելյանի կարծիքով էլ՝ աղետ է լինելու, եթե չկարողանանք ճանապարհը բացել. «Չեմ կարծում, որ սրանք բնապահպանական ակցիաներ են, քանի որ արդեն կան ապացույցներ, որ ակցիայի մասնակիցները ադրբեջանական հատուկ ուժայիններ են քաղաքացիական հագուստով»:
Ըստ նրա՝ դիմում են դեսպանատներին, որպեսզի դրանք ազդեն Ադրբեջանի և Թուրքիայի վերնախավի վրա:
Արման Ղարիբյանն էլ մեր զրույցում նշեց, որ Ադրբեջանը այս կերպ ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի վերջինս նոր փոխզիջումների գնա:
«Ես այստեղ եմ՝ հասցնելու մեսիջը, որ մենք պատրաստ ենք դիմակայելու ճնշումներին, բայց նաև պատրաստ ենք պահանջել, որ ռուս խաղաղապահները կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները: Կարծում եմ՝ սա նախ և առաջ արցախահայության մոտ սարսափ և տագնապ առաջացնելու նպատակ ունի, նաև այս կերպ՝ բանակցությունների ժամանակ Հայաստանի իշխանություններից զիջումներ կորզելու՝ նույն միջանցքի հետ կապված, որում, ինչպես հասկանում ենք, նաև Ռուսաստանն է շահագրգռված: Իրենց այս կրավորական պահվածքը խոսում է այդ մասին»,- ասաց Արման Ղարիբյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, որ ադրբենջանցի ակտիվիստները ուժային կառույցների աշխատակիցներ են և ընդամենը մեկ-երկու բնապահպանական ոլորտի պաշտոնյաների քողի ներքո թաքնված են ուժային կառույցների մի քանի հարյուր աշխատակիցներ:
«Արցախի իշխանությունները դեպքի առաջին րոպեներից մինչև այս պահը անում են հնարավորը, որ հարցը հանգուցալուծվի»,- նշեց Առաքելյանը:
Այնուհետև ակցիայի մասնակիցները նամակներ փոխանցեցին ՀՀ-ում գտնվող որոշ դեսպանատների:
Կարծիքներ