ԼՀԿ-ն անկարևոր է որակում ԱԺ նիստի օրակարգը. Մակունցն առաջարկում է սեփական նախագծերը բերել

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ստեղծված իրավիճակում անկարևոր համարեց խորհրդարանի նիստի օրակարգը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը փետրվարի 9-ի նիստի սկզբում նշեց, որ առավել կարևոր խնդիրներ կան, որոնք պետք է քննարկել:
«4 տարի, 8 ամիս, 19 օր և 12 ժամ, սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է պահանջել ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումն Արցախից: Սա նաև այն ժամանակն է, որ պետք է պատրաստվենք նման զարգացմանը: 16 հարց է ընդգրկված օրակարգում, ուզում եմ գտնել մեկ հարց, որն ադեկվատ է մեր առջև կանգնած մարտահրավերներին»,- ասաց Սիմոնյանը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց, որ խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանի խորհրդի նիստին չի մասնակցել և առաջարկներ չի ներկայացրել ԱԺ նիստի օրակարագում ընդգրկվող հարցերի վերաբերյալ:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ընդդիմության իր գործընկերներին կոչ արեց ներկայացնել սեփական նախագծերը:
«Մենք ունեցանք արտահերթ նիստ, որի նախագծերից մեկն անմիջականորեն առնչվում էր սոցիալական խնդիրների լուծմանը: Շատ լավ կլինի, որ մեր ընդդիմադիր գործընկերներն իրենք հանդես գան նախագծերով, միասին քննարկենք, մենք էլ կողջունենք»,- նշեց Լիլիթ Մակունցը:
Փետրվարի 9-ին մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 16 հարց: Օրակարգում է նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:
Նորայր Շողիկյան
Կարծիքներ