«Իրանում ռեժիմի տապալումը կլինի հարված Ռուսաստանի համար՝ Մադուրոյից հետո ՌԴ-ն կկորցնի ևս մեկ դաշնակցի». Bloomberg
Եթե Իրանում բողոքի ցույցերը հանգեցնեն իշխանությունից գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի տապալմանը, կփոխվեն գլոբալ աշխարհաքաղաքականությունը և էներգետիկ շուկաները, ինչը կարող է առաջացնել «ամենուրեք քաոս», գրում է Bloomberg-ը։
«Սա Իրանում ամենակարևոր պահն է 1979 թվականից ի վեր»,- ասել է ԿՀՎ-ում Մերձավոր Արևելքի հարցերով նախկին ավագ վերլուծաբան Ուիլյամ Աշերը՝ նկատի ունենալով հեղափոխությունը, որը հանգեցրեց Իսլամական Հանրապետության ստեղծմանը, խախտեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը ու հանգեցրեց Թեհրանի և Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների միջև տասնամյակներով թշնամանքի։
«Ռեժիմն այժմ շատ դժվարին իրավիճակում է, և դրա հիմնական պատճառը տնտեսությունն է։ Կարծում եմ՝ նրանց ավելի ու ավելի քիչ տարբերակներ են մնում վերահսկողությունը վերականգնելու համար, իսկ դրա համար գործիքակազմը կրճատվում է»,- կարծում է Աշերը։
Գործակալությունը կարծում է, որ եթե ռեժիմը իսկապես տապալվի, դա կլինի «հարված» Ռուսաստանի համար, որը կկորցնի ևս մեկ դաշնակցի՝ Մադուրոյից և Սիրիայում 2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։


Կարծիքներ