Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է

Մայիսի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Սահակ Ն․-ն իր վարած «Mitubishi» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Ղարիբջանյան գյուղի 17-րդ փողոցի կենտրոնական խաչմերուկում՝ մատուռի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Հայկ Ղ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը դեպքի վայրից ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Դեպքի վայրում վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ մի քանի գյուղացիներ, երբ լսել են, որ երեխան մահացել է, հոգեկան ապրումներից դրդված փորձել են վարորդի հետ հաշվեհարդար տեսնել, անգամ ցանկացել են ավտոմեքենան հրկիզել, սակայն այդ ամենը կանխվել է ոստիկանների և պարեկների կողմից։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում աշխատել է նաև փորձաքրեագետը։
Կարծիքներ