Ուկրաինայի տարածքը գիշերը ենթարկվել է հրթիռակոծության, Բախմուտում իրավիճակը լարված է մնում

Ուկրաինայի տարածքը գիշերը ենթարկվել է հրթիռակոծության, Բախմուտում իրավիճակը լարված է մնում

Ուկրաինան գիշերը լայնամասշտաբ հրթիռակոծության է ենթարկվել: Սա այս ամսվա սկզբից արդեն 8-րդ զանգվածային հարձակումն է: Երկրի տարբեր մարզերում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, Կիևում պայթյուններ են տեղի ունեցել: Ուկրաինական տարածքի վրա արձակվել է օդային, ծովային և ցամաքային տեղակայման տարբեր տեսակի 18 հրթիռ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին իր Telegram ալիքում:

Ըստ ԶՈւ գլխավոր հրամանատարի՝ տեղի ժամանակով ժամը 03:30-ի սահմաններում ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինային հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններից: ՄիԳ-31Կ վեց ինքնաթիռներից արձակվել է վեց Խ-47Մ2 «Կինժալ» գերձայնային հրթիռ, ինը «Կալիբր» թևավոր հրթիռ, իսկ «Ս-400», «Իսկանդեր-Մ» համակարգերից՝ 3 հրթիռ: Զալուժնիի պնդմամբ՝ բոլոր 18 հրթիռները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից:

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հավելել է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև «Շահիդ-136/131» ԱԹՍ-ներով՝ չնայած ռուսական և իրանական կողմերը բազմիցս հայտարարել են, որ Իրանը ՌԴ-ին ԱԹՍ-ներ չի տրամադրել Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել այս հարձակումը:

Ռուսական կողմն էլ իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան 3.5 ժամվա ընթացքում Դոնեցկի ուղղությամբ արձակել են ավելի քան 60 արկ: ТАСС գործակալությունը հաղորդում է, որ գիշերն Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի մարզի Կախովկա և այլ բնակավայրերի ուղղությամբ արձակել են 32 արկ:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական ուժերի կողմից գնդակոծությունները սաստկացել են: Նա նաև հայտնել է, որ Բախմուտում (Արտյոմովսկ) իրավիճակը լարված է, սակայն ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը և լրացուցիչ ուժեր են ուղարկել այնտեղ: Պուշիլինը հավելել է, որ Մարյինկայի շրջանում նույնպես իրավիճակը բարդ է, քանի որ Ուկրաինայի զինված ուժերն այնտեղ են ուղարկել պահեստայինների: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում