Ավելի քան 7000 արցախցի երեխաներ դեռ սովորում են Հայաստանի տարբեր դպրոցներում․ ԿԳՄՍ փոխնախարար

Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տուժել էին նաև երեխաները։ Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախում ուսումնական բոլոր հաստատություններն անորոշ ժամանակով փակվել էին, իսկ Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա չէր հաճախում դպրոց։
Արցախցի երեխաները, սակայն, հրավորություն ունեցան ուսումը շարունակել Հայաստանում՝ Երևանի կամ ՀՀ մարզերի իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցում՝ առանց որևէ փաստաթղթի։ Ներկայումս էլ արցախցի 7000 երեխաներ շարունակում են հաճախել Հայաստանի տարբեր դպրոցներ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Այս գործընթացը նաև ունենում է փոփոխական բնույթ, քանի որ արցախցի երեխաները վերադառնում են Արցախ։ Երեխաների շուրջ 70 տոկոսը արդեն վերադարձել և ուսումը շարունակում է Արցախի Հանրապետությունում»,- նշեց փոխնախարարը։
Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թեև չկար Արցախի բնակչության մասսայական տարհանում, այնուամենայնիվ հրետակոծված բնակավայրերից անվտանգության նկատառումներից ելնելով` շատերն էին երեխաներին Հայաստան ուղարկում։ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտնեց, որ Արցախցի երեխաները՝ պատերազմի ընթացքում, կարող են ուսումը շարունակել Հայաստանում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը այդ ժամանակ ֆեսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ խրախուսելու համար արցախցի երեխաներին ուղարկել Հայաստանի տարածքում գտնվող տարբեր դպրոցներ։
Կարծիքներ