Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն համաձայնեցրել են Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին հռչակագրի տեքստի նախագիծը

Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգներն «արդյունավետորեն» համաձայնեցրել են 1950-53 թվականների Կորեական պատերազմի պաշտոնական ավարտի մասին հռչակագրի տեքստի նախագիծը, Yonhap-ին ասել է Սեուլի գլխավոր դիվանագետ Չանգ Իյ Յոնը:
Նրա խոսքով՝ ինքը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել են հռչակագրի շուրջ դաշնակիցների խորհրդակցությունների առաջընթացը։ «Ինչ վերաբերում է պատերազմի ավարտի մասին հռչակագրին, ապա Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն արդեն կիսվել են դրա կարեւորության իրենց ըմբռնմամբ, եւ երկու կողմերն էլ փաստացի համաձայնության են եկել նախագծի տեքստի շուրջ»,- ասել է նա:
Թեեւ Սեուլը եւ Վաշինգտոնը զգալի առաջընթաց են գրանցել հռչակագրի հարցում, դրա ճակատագիրը անորոշ է մնում, քանի որ Փհենյանը չի արձագանքել երկխոսության նրանց առաջարկներին:
«Չնայած Հյուսիսային Կորեան մի շարք արագ եւ դրական պատասխաններ է հնչեցրել պատերազմի ավարտի մասին հայտարարությանը, մենք հուսով ենք, որ այն ավելի կոնկրետ արձագանք ցույց կտա,- ասել է Չանգը:- Մենք Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններն առաջ տանելու տարբեր ուղիներ ենք դիտարկում»։
Կարծիքներ