Նրանք առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին, բայց անունը դնում են՝ փրկում են եկեղեցին. Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Մայր Աթոռում հավաքվելու կոչերին:
«Նրանք այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին՝ Շարքային Ռայանին, բայց անունը դնում են, որ փրկում են եկեղեցին «ազգային արժեքը վտանգված է» պաթոսային կարգախոսով:
Մտածեցի՝ նորից վերընթերցեմ տասը պատվիրանները: Դժվարությամբ գտա մեկը, այն էլ շատ վստահ չեմ, որ սրանք խախտած չլինեն:
Պատվիրաններ.
1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):
2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):
3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7):
4. Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):
5. Պատվիր քո հորն ու մորը (Ելից. 20:12):
6. Մի սպանիր (Ելից. 20:13):
7. Մի շնանար (Ելից. 20:14):
8. Մի գողանար (Ելից. 20:15):
9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր (Ելից. 20:16):
10. Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17):
Հ.Գ. Կտրիճն էլ դուրս գա սրանց ընդառաջ, լրիվ կլինի կաստում-շլվար»,- գրել է Հարությունյանը:
Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:
Միևնույն ժամանակ Մայր Աթոռում հավաքվելու կոչեր են արել ընդդիմադիր մի շարք ուժեր:


Կարծիքներ