Գիրք նվիրելու օրը ներկայացվել են Թումանյանի և Մաթևոսյանի ճանապարհորդությունների մասին նյութեր, Թումանյանի երկերի ժողովածուի 5-րդ հատորը

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը Հայաստանի Հանրապետությունում շուրջ 15 տարի նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Հովհաննես Թումանյանի թանգարան, որը ժամանակավորապես տեղակայվել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել և ծանոթացել թանգարանի գործունեությանը՝ հյուրընկալող տանիքի ներքո։ Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը գրքեր է նվիրել թանգարանին։
Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել նաև «Ճամփորդ հոգին», «Ու նայե՜ս, նայե՜ս» խորագրերով ցուցահանդեսի բացմանը: Կտորների վրա արտացոլված լուսանկարները, գրառումներն ու բանաստեղծական տողերը պատմում են Հովհաննես Թումանյանի և Հրանտ Մաթևոսյանի ճանապարհորդությունների մասին:
Ցուցադրությանը բացման խոսքով հանդես են եկել Հովհ. Թումանյան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը:
Նշվում է, որ միջոցառման շրջանակում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորի շնորհանդեսը:
Կարծիքներ