ԳՇ պետն անդրադարձել է բանակում մահվան դեպքերի պատճառներին և կանխարգելման աշխատանքներին

ԳՇ պետն անդրադարձել է բանակում մահվան դեպքերի պատճառներին և կանխարգելման աշխատանքներին

Հայաստանի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը տարբեր պատճառներ ունեն և չեն կարող դիտարկվել նույն հարթության վրա։ Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Անդրադառնալով խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին և դրանց կանխարգելմանը՝ Ասրյանը նշել է, որ համապատասխան աշխատանքներ իրականացվում են։

«Արվում է համապատասխան աշխատանք»,- ասել է նա՝ չմանրամասնելով ձեռնարկվող քայլերը։

Լրագրողների՝ աշխատանքները ներկայացնելու խնդրանքին ԳՇ պետը պատասխանել է, որ դրանց մասին խոսելու համար երկար ժամանակ կպահանջվի։

Ասրյանն ընդգծել է, որ զինծառայողների մահվան դեպքերը մտահոգում են նաև զինված ուժերի ղեկավարությանը։

«Ոչ միայն հասարակությանն է հուզում, նաև մեզ։ Առավել շատ մեզ է հուզում»,- ասել է նա։

Անդրադառնալով դեպքերի պատճառներին՝ ԳՇ պետը նշել է միջանձնային հարաբերությունները, ֆինանսական և առողջական խնդիրները, ինչպես նաև ծառայությունից դուրս հանգամանքներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում