Ընտանեկան բռնությունը պետք է քրեականացվի որպես ինքնուրույն հանցագործություն. Աննա Հակոբյան

Ընտանեկան բռնությունը պետք է քրեականացվի որպես ինքնուրույն հանցագործություն. Աննա Հակոբյան

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված տեսանյութերի շարքի առաջին ամբողջական հոլովակը՝ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված իր մոտեցումն ու առաջիկա քայլերը։

Տեսաուղերձում Աննա Հակոբյանն ընդգծում է, որ բռնության տարբեր դրսևորումները թաքցնող հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ, փոխադարձ սիրո և հարգանքի վրա հիմնված, ներդաշնակ ու անվտանգ ընտանիքի մոդելով։

Այդ ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը, ըստ նրա, ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն քրեականացնելն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա հստակ, իրատեսական, գործուն և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմներ։ Այս նպատակով Աննա Հակոբյանն արդեն նախաձեռնել է քննարկումներ Հայաստանից և սփյուռքից ներգրավված անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների, ինչպես նաև նախկինում այս ուղղությամբ աշխատած կին պատգամավորների հետ՝ գործող օրենսդրության բացերը, իրավակիրառ խնդիրներն ու առկա մարտահրավերները համակողմանիորեն ուսումնասիրելու համար։ Նախաձեռնության առաջին փուլում նախատեսվում է մշակել ամբողջական և արդյունավետ օրենսդրական կարգավորումներ և դրանք ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը։

Աննա Հակոբյանը նախատեսում է աշխատանքներին միանալու առաջարկ անել նաև ընդդիմադիր երկու խմբակցությունների կին պատգամավորներին: Երկրորդ փուլը նախատեսվում է օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Այն ներառելու է հանրային լայն իրազեկման արշավ, իրավասու մարմինների աշխատակիցների վերապատրաստում և ընդունված կարգավորումների արդյունավետ կիրառում։ Զուգահեռաբար հեղինակավոր փորձագետներից կազմված խումբը նախապատրաստում է համազգային հետազոտություն՝ Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրական տարածվածության վերաբերյալ վստահելի և հնարավորինս ամբողջական տվյալներ հավաքագրելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում