Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում խոզաբուծարան կհիմնվի

Կառավարությունն ընդունել է ««Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի իրականացման նպատակով առանց մրցույթի հողամաս վարձակալության իրավունքով տրամադրելուն և հողամասեր ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու, ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի հիմնական պայմանները սահմանելու մասին» որոշում: Ներդրումային ծրագրով ընկերությունը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով ապրանքային խոզերի արտադրություն: Ներդրումային ծրագրի ամբողջ ծավալը կազմում է 2 091 192 203 դրամ: Ըստ հիմնավորման՝ Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող վերոնշյալ հողամասերն այս պահին վերածվել են աղբանոցի և ներդրումային ծրագրի իրականացումը կխթանի համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, կվերացնի ստեղծված աղբանոցը և գործունեության արդյունքում առաջացած գոմաղբը կօգտագործվի հողերի բարելավման նպատակով։ Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում համայնքում կստեղծվի շուրջ 49 նոր աշխատատեղ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել ալյումինե կափարիչների արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի ներդրում, որից 1.4 մլրդ դրամը սարքավորումների (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը) 373 մլն դրամը արտադրական նոր մասնաշենքի վերակառուցման, 158.4 մլն դրամը հումքի ձեռքբերման և 61.7 մլն դրամը պահեստամասերի, գործիքների և ծախսանյութերի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 33 աշխատատեղ 414 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 40-ի՝ 468 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 269.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18 մլն դրամ։
Գործադիր որոշմամբ «Միտռատեքս» ՍՊԸ-ն կներառվի «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ատրավմատիկ ասեղների և ատրավմատիկ վիրաբուժական կարի նյութի արտադրություն իրականացնելու համար։
Կարծիքներ