ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն. Փաշինյան
Երեկ 19 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, և արդյունքում ՔՊ-ական թեկնածուները և պրոքպական ուժերը տարան ջախջախիչ հաղթանակ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խոհրդարանական ընտրություններին խոստացել էի, որ ռոբա-սերժա-կալուգա-կտրիճական ուժերը կամ մի բառով ասած՝ լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցությունը պետք է ոչնչացվի: ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների օգնությամբ և աջակցությամբ:
Բայց մյուս կողմից՝ ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ՝ ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ, որովհետև ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, բայց այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում, բայց դրանք նաև առաջ են բերում ընդդիմության հարցը ՀՀ-ում:
Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը, մի կողմից մենք պետք է իսկապես արմատախիլ անենք Հայաստանից լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսից, բայց մյուս կողմից ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է տարբեր ձևաչափերով, թե ինչ պետք է անի Կառավարությունը նոր ընդդիմության ձևավորման համար, և եզրակացությունն այն է, որ ոչ մի բան պետք է չանել, գործնական ու ակտիվ չլինել այս առումով, հակառակ դեպքում, հնարավոր է ընկնել ավելի վատ վիճակի մեջ, այն է՝ ՀՀ-ում նախկինում ձևավորված վատագույն պրակտիկան վերականգնելու փորձի մեջ:
«Հիշում եք՝ Հայաստանում կար «հաճախորդ» և «կառավարելի» ընդդիմություն. դա նույնքան աղետ է ՀՀ-ի համար: Բայց ես կարծում եմ՝ ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն, և իրական ընդդիմություն, որը իրական քաղաքական գործունեությամբ, ոչ թե լրտեսական գործունեությամբ զբաղվի:
Այն, որ սա անհրաժեշտություն է, ակնհայտ է, բայց մյուս կողմից՝ Կառավարությունը չի կարող և չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետև դա կլինի կառավարվող ընդդիմություն, կեղծ ընդդիմություն: Լուծումն այն է, որ ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերն ակտիվանան:
Մենք, բնականաբար, իրենց չենք կարող օգնել, աջակցել, բայց իրենց ոչ մի բանով չենք խանգարի, և շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է՝ ՀՀ շահերի վրա հիմնվելով, ՀՀ ժողովրդի շահերի վրա հիմնվելով, և հենված է ժողովրդավարական արժեքների, ոչ թե ընտրակաշառքների [վրա], կամ որ գողացվածը, թալանվածը քաղաքականության մեջ ներդնելու և թալանվածը պաշտպանելու գործիք դարձնելու ուղղությամբ է գործում »,-ասաց նա:


Կարծիքներ