Բողոքի ցույցերի և հրաժարականների ֆոնին Կոբախիձեն հայտարարել է նոր նախարարների նշանակման մասին

Բողոքի ցույցերի և հրաժարականների ֆոնին Կոբախիձեն հայտարարել է նոր նախարարների նշանակման մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նոր նախարարներ է նշանակել այն բանից հետո, երբ խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին։

«Տեղեկացնում եմ ձեզ, որ նոյեմբերի 30-ին ես պաշտոնների եմ նշանակել 12 նախարարի՝ դրանով իսկ ավարտելով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր կառավարության ձևավորումը», - ասել է Կոբախիձեն ճեպազրույցում։

Վրաստանի խորհրդարանի անդամները նոյեմբերի 28-ին քվեարկել են վարչապետ Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանն ու առաջիկա չորս տարիների ծրագրին վստահություն հայտնելու օգտին։

Նոր կառավարությունում առաջին փոխվարչապետը Լևան Դավիթաշվիլին է, ով կլինի նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը։

Երկրորդ փոխվարչապետի պաշտոնը ստանձնել է պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։

Արտաքին գործերի նախարարությունը ղեկավարելու է Մակա Բոչորիշվիլին։ Ներքին գործերի նախարարը կլինի Վախթանգ Գոմելաուրին:

Անրի Օխանաշվիլին դարձել է արդարադատության նախարար, Լաշա Խուցիշվիլին՝ ֆինանսների, իսկ Իրակլի Կարսելաձեն՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար։

Ալեքսանդր Ցուլաձեն նշանակվել է կրթության, գիտության և երիտասարդության նախարար, Թինաթին Ռուխաձեն՝ մշակույթի, Դավիթ Սոնգուլաշվիլին՝ գյուղատնտեսության, Միխայիլ Սարջվելաձեն՝ առողջապահության նախարար։ Թեա Ախվլեդիանին դարձել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար։

Վրաստանում ընտրություններից հետո ընդդիմության կողմից սկսված բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ են առել և ավելի լայնածավալ դարձել այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշել է սառեցնել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը:

Գիշերվանից մինչև հիմա պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանության և ցուցարարների միջև։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում