ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը Ավինյանին անվստահություն հայտնելու կամ նրա հրաժարականը պահանջելու հարց չի քննարկվել

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փակ հանդիպման ժամանակ քննարկվել է մայրաքաղաքին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Տիգրան Ավինյանին անվստահություն հայտնելու կամ նրա հրաժարականը պահանջելու հարց չի քննարկվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ ավելի քան չորս ժամ տևած փակ քննարկումից հետո։
Ավինյանի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև բարեփոխումների մեծ ծրագիր, որը պետք է իրականացնի Երևանի քաղաքապետարանը, և այդ գործում ակնկալվում է նաև ԱԺ իշխող խմբակցության աջակցությունը։
«Մենք ուզում ենք համակարգային փոփոխություններ, հետևաբար պետք է էական ուշադրություն դարձնենք իրավական բոլոր փաստաթղթերին, որոնք մեր բոլորի գործունեության հիմքն են»,- ասել է Ավինյանը։
Հանդիպման ընթացքում պատգամավորները բարձրաձայնել են այն դժգոհությունները, որոնք ստացել են քաղաքացիներից, սակայն քննարկումն ավելի շատ ընթացել է ինստիտուցիոնալ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Մասնավորապես, հանգամանալից քննարկման առարկա են դարձել հանրային այգիների բարելավմանը, մայթերի վերականգմանը, հանրային տրանսպորտին, կայանատեղիների ռազմավարությանը, քաղաքացիների կենցաղային խնդիրներին և մի շարք այլ պրոբլեմներին վերաբերող հարցերը։
Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին՝ Ավինյանը վստահեցրել է, որ նման հարց չկա և չի քննարկվել ՔՊ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։
«Քննարկված հարցերի շրջանակն ամբողջապես փակել է բոլոր այն խնդիրները, որոնք կան Երևան քաղաքում։ Քննարկվել են նաև ապագային վերաբերող հարցերը, որոնք բարձրաձայնվել են քաղաքապետարանի կողմից և որոնց լուծման համար կա նաև Ազգային Ժողովի աջակցության կարիքը»,- ասել է Ավինյանը։
Կարծիքներ