Վարչապետի աշխատակազմը հերքում է «Դավիթ Գասպարյան» տելեգրամյան օգտահաշվով տարածվող տեղեկությունները
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարում է, որ «Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է և որևէ առնչություն չունի վարչության գործունեության հետ։ Վարչությունից նաև տեղեկացնում են, որ այդ անուն-ազգանունով աշխատակից աշխատակազմում չկա։
««Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի իրականացնում և իրավասու չէ իրականացնել որևէ քաղաքական ուժի նկատմամբ քարոզչական, հակաքարոզչական կամ նախընտրական գործընթացներին առնչվող գործողություններ։
«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով հրապարակված «փաստաթղթում» ներկայացված պնդումները դուրս են վարչության գործառույթներից և լիազորությունների շրջանակից և որևէ առնչություն չունեն վարչության գործունեության հետ։ Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է սահմանված իրավասությունների շրջանակում՝ պահպանելով քաղաքական չեզոքության, օրինականության և ինստիտուցիոնալ պատասխանատվության սկզբունքները։
Միաժամանակ հավելենք, որ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում Դավիթ Գասպարյան անուն-ազգանունով աշխատակից չկա»,- ասվում է հաղորդագրությունում:


Կարծիքներ