Ակնկալում ենք, որ մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ. Արարատ Միրզոյան

Ակնկալում ենք, որ մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 

«Կցանկանայի ելույթս սկսել՝ գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության կապակցությամբ: Մենք կապված ենք միմյանց պատմամշակութային ամուր կապերով, որոնք շարունակում են հիմք ծառայել ներկայիս բարեկամական հարաբերությունների, համագործակցության և մարդկանց միջև ջերմ շփումների համար: Պատմության ամբողջ ընթացքում, մեր ժողովուրդներն ապրել են կողք կողքի և կիսել միմյանց ուրախությունն ու վիշտը:

Այս առնչությամբ ցանկանում եմ անդրադառնալ վեջին զարգացումներին: Ինչպես գիտեք, արդեն ավելի քան երկու ամիս է ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, ապօրինի կերպով արգելափակվել է, այսպես կոչված, էկոակտիվիստների խմբի կողմից, ինչն ակնհայտորեն կազմակերպված է Ադրբեջանի կառավարության կողմից: Ավելին, Ադրբեջանը պարբերաբար խափանում է Լեռնային Ղարաբաղ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվել են հումանիտար աղետի եզրին: Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ տեղական իշխանությունների հետ բանակցություններ վարելու փոխարեն՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում արցախահայությանը լքել իրենց տները՝ նպատակ ունենալով նրանց զրկել հայրենիքից և կյանքի կոչել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։

Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը:

Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ։ 

Եվ կրկին անգամ, Արաբական պետությունների լիգայի այս հարթակում, ընդգծում եմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին և վերահաստատում ձեր երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցության հեռանկարներն ընդլայնելու մեր պատրաստակամությունը»,- ասել է նախարարը իր ելույթում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում