ԱՄՆ-ը կոշտ միջոցներ կձեռնարկի Չինաստանի դեմ, եթե շրջանցեն հակառուսական պատժամիջոցները

Միացյալ Նահանգների առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն ասել է, որ Վաշինգտոնը կոշտ միջոցներ կձեռնարկի չինական ընկերությունների դեմ, եթե նրանք շրջանցեն հակառուսական պատժամիջոցները:
Խոսքը, մասնավորապես, Չինաստանում արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ու ծրագրերի մատակարարման արգելքի մասին է։
«Ռուսաստանը, իհարկե, կդիմի այլ երկրների՝ շրջանցելու մեր պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը»,- ասել է նա The New York Times-ին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Չինաստանին հորդորել էր չեզոքություն ցուցաբերել Ուկրաինայի հակամարտության հարցում։ Նա ասել է, որ Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը փորձել են համոզել չինացիներին, որ չեզոքությունը տարբերակ չէ:
Մինչ այս Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ խնդրել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիին օգտագործել իր ազդեցությունը Ուկրաինայում հրադադարի հասնելու համար։ Բորելը նշել է, որ «երկար զրույց» է ունեցել Չինաստանի արտգործնախարարի հետ, որի ընթացքում նրանք «քննարկել են ներկա իրավիճակը, դրա պատճառները, դրա հնարավոր շարունակությունը»։
Կարծիքներ