Շոտլանդիայի հետ խաղը վերջացավ 43-րդ րոպեին. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Շոտլանդիայի դեմ խաղը վերջացավ հանդիպման 43-րդ րոպեին` առաջին կարմիր քարտից հետո:
«Թիմը մինչև կարմիր քարտը շատ լավ էր խաղում: Մենք հանկարծակիի բերեցինք մրցակցին` խաղալով չորս պաշտպանով: Շոտլանդիայի հետ խաղը վերջացավ 43-րդ րոպեին` առաջին կարմիր քարտից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր մարզիչը:
Կապառոսի խոսքով` հանդիպումը նյարդային ստացվեց, քանի որ երկու թիմերն էլ բաց ֆուտբոլ էին ցուցադրում:
Անդրադարձ կատարելով հայ ֆուտբոլիստների երկու կարմիր քարտերին` Կապառոսը շեշտեց, որ Կամո Հովհաննիսյանի ստացած կարմիր քարտը խաղային դրվագի արդյունք է, իսկ ինչ կապված է Արման Հովհաննիսյանի իրավիճակին` դեռևս պետք է վերլուծություն կատարվի:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Շոտլանդիայի ընտրանուն: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեին Հայաստանի հավաքականն օգտագործեց առաջին իսկ հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը: Շոտլանդիայի հավաքականից 9 րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ստյուարդ Արմսթրոնգը: Խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Արման Հովհաննիսյանը: Շոտլանդիան անմիջապես օգտվեց ստացած առավելությունից և խաղակեսի ավելացված րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Արմսթրոնգը: Առաջին կես` Հայաստան-Շոտլանդիա` 1:2:
Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին, Շոտլանդիան Հայաստանի դարպասն ուղարկեց նաև երրորդ գնդակը: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Ջոն Մըքքինը: Ընդամենը 4 րոպե անց` հյուրերը խփեցին նաև 4-րդ գնդակը: Աչքի ընկավ Չէ Ադամսը: Հանդիպման վերջում էլ կարմիր քարտ ստացավ նաև Կամո Հովհաննիսյանը: Հայաստանի հավաքականը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով:
Հայաստան-Շոտլանդիան` 1:4:
Կարծիքներ