Խաղաղությունն ու անվտանգությունը կայուն չեն կարող լինել, եթե դրանց կառուցման գործընթացներում կանանց ձայնը լսելի չէ. Արմեն Գրիգորյան

Խաղաղությունն ու անվտանգությունը կայուն չեն կարող լինել, եթե դրանց կառուցման գործընթացներում կանանց ձայնը լսելի չէ. Արմեն Գրիգորյան

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակ. «Ապրող օրակարգ. Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկային անվտանգության» միջազգային կոնֆերանսի ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ-ից:

 

ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝

 

«Հարգելի՛ գործընկերներ,

 

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

 

Շատ ուրախ եմ ողջունել ձեզ այս կարևոր միջազգային համաժողովի ընթացքում, որը նվիրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի ընդունման 25-ամյակին։ Այս փաստաթուղթը 25 տարի առաջ հիմք դրեց նոր գլոբալ օրակարգի՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» և ստեղծեց պատմական ինստիտուցիոնալ հիմք՝ կանանց դերի ճանաչման համար՝ հակամարտությունների կանխարգելման, խաղաղության հաստատման և հետպատերազմյան վերականգնման գործընթացներում։

 

Այս տարվա միջոցառման թեման՝ «Ապրող օրակարգ․ կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկային անվտանգության», առանձնապես արդիական է մեր տարածաշրջանի համար, որտեղ խաղաղությունն ու անվտանգությունը դարձել են տարածաշրջանում ապրող մարդկանց զարգացման հիմնարար նախապայմաններ։ Իսկ հոբելյանական տարեթիվը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաև պարտավորեցնող՝ մեզ հիշեցնելով, որ խաղաղությունը և անվտանգությունը չեն կարող լինել կայուն, եթե դրանց կառուցման գործընթացներում կանանց ձայնը և մասնակցությունը լսելի չեն։

 

Հարգելի՛ հյուրեր,

 

Հայաստանը հետևողական է իր հանձնառությանը՝ կյանքի կոչելու «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի գործողությունների ազգային ծրագիրը, որը ներառում է ռազմավարական և գործնական միջոցառումներ՝ ուղղված կանանց ընդգրկմանն անվտանգության ոլորտում՝ հիմնված ներառականության, կայունության և մարդկային անվտանգության ապահովման սկզբունքների վրա։

 

ՀՀ Կառավարությունը և մասնավորապես Պաշտպանության նախարարությունն իրականացրել և շարունակում են իրականացնել մի շարք ծրագրեր՝ ուղղված զինվորական և քաղաքացիական անվտանգության կառույցներում կանանց ներգրավմանն ու մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական պլանավորման, ճգնաժամային կառավարման և խաղաղապահ առաքելություններում ներգրավման բարձրացմանը, որտեղ և առաջընթացը նշանակալի է: Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս քաղաքացիական հասարակության դերակատարությանը, քանի որ կանանց իրավունքներով զբաղվող հասարարական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են խաղաղաշինական նախաձեռնություններին, կոնֆլիկտների կանխարգելմանը, խաղաղության խթանմանը, սահմանամերձ համայնքներում իրականացնում են կայունությանն և կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված ծրագրեր, որոնք միանշանակ է, որ նպաստում են կանանց առաջնորդության զարգացմանը:

 

Հայաստանում վերջին տարիներին կանանց ներգրավվումն անվտանգային և պաշտպանական ոլորտներում գրանցում է կայուն աճ: Այսօր զինված ուժերում նկատելիորեն աճել է կին զինծառայողների թվաքանակը, բարձրացել է կանանց մասնակցությունը նաև քաղաքական որոշումների կայացման հարցերում: «Գլոբալ գենդերային անհավասարության զեկույցի» համաձայն՝ Հայաստանը 146 երկրների շարքում զբաղեցնում է 59-րդ տեղը՝ տարածաշրջանային երկրների շարքում լինելով առաջինը: Այսօր ՀՀ Ազգային ժողովում կանանց ներգրավվածությունը հասել է 38%-ի, որը ևս տարածաշրջանային առումով ամենաբարձր ցուցանիշն է: Կանայք ներկայացված են նաև Կառավարության կազմում, տեղական ինքնակառավարման մարմիններում և պետական կառավարման տարբեր օղակներում:

 

Հարգելի՛ գործընկերներ,

 

Հայաստանը, գտնվելով բարդ տարածաշրջանում, ունի սեփական փորձ՝ որտեղ անվտանգության ընկալումը վերափոխվում է մարդկային և հանրային դիմակայունության մոդելի։ Մենք հասկանում ենք, որ անվտանգության համակարգերը չեն կարող արդյունավետ լինել, եթե դրանց հիմքում բացակայում են հանրային վստահությունը, մասնակցությունը և հավասարությունը։ Այդ իսկ պատճառով մեր նպատակն է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի՝ կին թե տղամարդ, կկարողանա ապրել անվտանգ, արժանապատիվ և խաղաղ պայմաններում։ Այս համատեքստում մենք կարևորում ենք կանանց դերը ոչ միայն որպես խաղաղության շահառուներ, այլ՝ որպես դրա ակտիվ ստեղծողներ։ Նրանց ներգրավվածությունը քաղաքական որոշումների կայացման, խաղաղապահ ջանքերի և անվտանգության քաղաքականությունների մշակման գործընթացներում կարևոր են իրական և երկարատև խաղաղության հաստատման համար։

 

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

 

Թող մեր քննարկումները ոչ միայն վերաիմաստավորեն անցած 25 տարիները, այլև դառնան հիմք նոր անվտանգության մշակույթի ձևավորման համար, որտեղ խաղաղությունը պահպանվում է վստահության, ներառականության և համագործակցության միջոցով։

 

Շնորհակալություն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում