Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ
Երևան քաղաքում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին՝ կցելով նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքի վրա, անհրաժեշտ է նաև ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համատիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը կամ թույլտվությունը։
«ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների շենքերի կամ տարածքների դեպքում պահանջվում է հիմնադրի գրավոր համաձայնությունը։ Առանց համապատասխան թույլտվությունների իրականացված որմնանկարները կամ գրաֆիտիները ենթակա են մաքրման՝ իրականացնողի, վարչական շրջանի կամ համատիրության կողմից։
Եթե իրականացնողը առարկում է մաքրման պահանջին, ապա հարցը կարող է լուծվել դատական կարգով՝ պատճառված վնասի փոխհատուցման կամ իրականացված որմնանկարի/գրաֆիտիի մաքրման պարտավորությունը սահմանելու միջոցով»,-նշված է հայտարարության մեջ։


Կարծիքներ