Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան
Դադարեցնում եմ լիազորություններս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Խաչատրյանը:
«Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, քաղաքական աջակցության և բարեփոխումների օրակարգը առաջ տանելու հետևողականության համար։
Շնորհակալ եմ հարգարժան փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին՝ ոլորտային պրոֆեսիոնալ համակարգման, գործընկերային ու մարդկային վերաբերմունքի համար։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին, ում ոլորտային առաջնորդությամբ աշխատել ենք թիմային փոխվստահության մթնոլորտում և ում հետ միասին հաղթահարել ենք հետճգնաժամային իրավիճակները, հեղինակել և ներդրել ենք համակարգային նշանակության մի շարք նախագծեր՝
- կենսաթոշակների հետվճարի ծրագիրը,
- սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիրը,
- Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության 2 ծրագրերը, որոնց շնորհիվ տեղահանված շուրջ 5500 ընտանիք ունեցան իրենց տունը,
- ժողովրդագրության ռազմավարությունը և դրանից բխող մի շարք ծրագրեր,
- անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը,
- կենսաթոշակների և նպաստների անկանխիկի սահուն անցման բարեփոխումները,
- անաշխատունակության և մայրության նպաստների ռեֆորմը, որով թվայնացվեցին բոլոր գործընթացները,
- կենսաթոշակային ռեֆորմի նախագիծը,
- սոցիալական պաշտպանության ոլորտի թվային տասնյակ համակարգերի գործարկումը՝ շնորհիվ «Նորք» տեխնոլոգիական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի։
Հպարտ եմ այն թիմով, որի հետ աշխատել եմ։ Մասնագիտական, նվիրված և արժանապատիվ մարդիկ, ովքեր ամեն օր փորձել են պետական համակարգում թողնել իրական արժեք:
Պետական ծառայությունը ինձ համար եղել է առաքելություն։ Եվ այս փուլը համարում եմ հերթական անցում դեպի նոր ձևաչափերով օգտակար լինելու հնարավորություն։
Շնորհակալ եմ նախարարության բոլոր գործընկերներիս, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև միջազգային և մասնավոր կառույցների գործընկերներին՝ պետության ուժեղացման գործում արդյունավետ համագործակցության համար, և սիրելի քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և համբերության համար»,- ասվում է գրառման մեջ։


Կարծիքներ