Անորակ աշխատանքը չի ընդունվելու և չի վճարվելու, բոլոր ճանապարհների բաղադրիչները ստուգվելու են․ ՏԿԵ նախարարը Շիրակի մարզում էր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքապետերի հետ դիտարկվել են մարզի տարբեր համայնքներում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը: «Նախ ծանոթացանք Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1.5 կմ երկարությամբ հատվածի՝ սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:
Այնուհետև դիտարկեցինք Զարինջա–Շիրակի մարզի սահման 2.5 կմ և Տ-7-20, Ձիթհանքով-Արագածոտնի մարզի սահման-1.8 կմ երկարությամբ ճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
499 մլն դրամ պայմանագրային արժեքով ծրագրի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին։ Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի՝ 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որի աշխատանքները գտնվում են ակտիվ ընթացքի մեջ:
Եղանք նաև Արթիկ համայնքում, որտեղ մի քանի փողոցներում իրականացվում են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ: Նոր Կյանք բնակավայրում այցելեցի նաև «LEAD4Shirak» ծրագրի շրջանակներում, ԵՄ համաֆինանսավորմամբ կառուցված վարդերի ջերմատուն։ Գյումրիում դիտարկել ենք մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները:
Որոշակի խնդիրներով պայմանավորված՝ հանձնարարել եմ վերացնել առկա թերությունները և ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել միչև ցուրտ եղանակի սկսվելը: Թերություններ էին առկա նաև Աշոցք - Բավրա ավտոճանապարհի հիմնանորոգված հատվածում:
Շինարարին հանձնարարել եմ ամբողջովին վերացնել անորակ աշխատանքը, տեղադրել նոր ասֆալտաշերտ, այլապես կառավարությունը նշված ճանապարհի մասով ֆինանսավորում չի իրականացնի։
Շինարարական բոլոր օբյեկտներում հստակ ընդգծել եմ՝ անորակ աշխատանքը չի ընդունվելու և չի վճարվելու, բոլոր ճանապարհների հիմնական բաղադրիչները ստուգվելու են պետական լաբորատորիայում»,- մասնավորապես գրել է նախարարը։
Կարծիքներ