Քոչարյան, Սարգսյան, Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու՝ գնանք ուղիղ եթերում խոսենք. վարչապետ

«Չգիտեմ արդեն որերորդ անգամ այս ամբիոնից ցիտում եմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկվորյակ Սերժ Սարգսյանին, որն այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարել էր՝ մենք այլևս պետք է սպասենք պատերազմի»:
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի այն դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը ուսանողների հետ ունեցած իր վերջին հանդիպման ժամանակ Հայաստանին է մեղադրել 44-օրյա պատերազմը հրահրելու և սադրելու համար:
Վարչապետը այս համատեքստում նաև նշեց. «Սերժ Սարգսյանը այս ամբիոնից հայտարարել էր, որ բանակցային գործընթացը այլևս թևակոխել է պատերազմական փուլ, և ուզում եմ նաև հիշեցնել, որ 2016 թվականի 4-օրյա պատերազմը դե յուրե քաղաքականապես չի ավարտվել, դրա արդյունքում ո՛չ թուղթ, ո՛չ որևէ բան չի ստորագրվել և ուզում եմ հիշեցնել նաև, թե որն էր պատերազմը թույլ չտալու Ռոբերտ Քոչարյանի մեթոդաբանությունը՝ Մեղրին փոխել Ղարաբաղի հետ, «մադրիդյան սկզբունքներ» և այլն ու այսպես շարունակ»:
Վարչապետը նաև հիշեցրեց՝ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու իր առաջարկի մասին:
«Ես այդ մարդկանց ասել եմ՝ հերիք է միամիտ երևացող լսարան հավաքել ու լուրջ դեմքով բաներ պատմել, բան ունեք ասելու, կրկնում եմ, եկեք գնանք ուղիղ եթերում խոսենք, հերիք է գնաք մութ անկյուններում առանձնացված խոսեք: Ինչի՞ մասին եք ուզում խոսել, եկեք գնանք խոսենք:
Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու՝ գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսենք»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Վարչապետը նաև առաջարկեց՝ «եկեք բանավեճի՝ մեկն ընդդեմ երեքի. ինչո՞ւ չեք գալիս»:
Կարծիքներ