Վարորդական վկայականի գործնական քննությունը հնարավոր կլինի հանձնել ցանկացած մարզում

Վարորդական վկայականի գործնական քննությունը հնարավոր կլինի հանձնել ցանկացած մարզում

Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց վարորդական վկայականների քննությունների կարգում կատարված փոփոխությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ  ներկայում գործող կանոնով անձը, որը տեսական քննությունն անցնում է, օրինակ, Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում, պարտավոր է գործնական քննությունը ևս հանձնել նույն տարածքային ստորաբաժանումում։  

«Մեր քաղաքացիների արդարացի պնդումներով այս մոտեցումը շատ հաճախ չի ապահովում ճկունություն և խոչընդոտում է օր առաջ ունենալ նաև գործնական քննություն։ Ըստ այդմ, այս կանոնը դուրս է բերվում։ Քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել հարթակ, տեսնել, թե որ օրն է հասանելի, և եթե պայմանականորեն տեսական քննությունը հանձնել են Երևանում, իսկ մոտակա օր հասանելի է Շիրակի մարզում, ապա կարող են գրանցվել և հանձնել գործնական քննությունը տվյալ մարզում»,-ասաց նա։ 

Սարգսյանի գնահատմամբ՝ այս փոփոխությունը կնպաստի նաև քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածության բալանսավորմանը և հերթերի կրճատմանը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում