Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ակտիվ և սերտորեն համագործակցություն է սկսել Եվրոպական Միության հետ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկման ժամանակ:

Անդրադառնալով ապատեղեկատվության թեմային՝ նա նշել է, որ այն կանխելու համար թափանցիկությունը կարող է շատ հուսալի գործիք լինել, քանի որ բաց հասարակություններում երբ տեղեկատվությունը հասանելի է, շատ ավելի դժվար է ապատեղեկատվություն պարտադրել։

«Իհարկե, թափանցիկության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և կողմնակի հետևանքներ կան։ Շատ հեշտ է բանաձևը ձևակերպել, սակայն կիրառման փուլում բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ կիբեռանվտանգությանը, ապա կիբեռանվտանգության գործիքներն ու համակարգերը պետք է կառուցել և շարունակաբար զարգացնել, քանի որ ակնհայտ է, որ ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների գործիքները զարգանում են շատ ավելի արագ, քան մենք ակնկալում էինք»,- շեշտել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ այդ պարագայում միջազգային համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ փորձի փոխանակումը, կարողություններն ու գիտելիքը չափազանց կարևոր նշանակություն ունեն։ «Եթե ինչ-որ բան ինչ-որ տեղ արդեն պատահել է, ապա այն այլ վայրերում էլ հաստատ տեղի կունենա։ Պետք է նախապես տեղեկացված լինել, և ըստ իս՝ դա կօգնի պատրաստ լինել համանման տարբեր իրավիճակների: Ես կարծում եմ՝ որպես տարբերակ, որպես գաղափար կարելի է ստեղծել որոշակի ընդհանուր տեղեկատվական դաշտ, որտեղ հնարավոր կլինի միմյանց հետ փոխանակել տեղի ունեցածի մասին տեղեկություններ, քննարկել, թե արդյոք հաջողվել է կառավարել իրավիճակը, իսկ եթե հաջողվել է, ապա ինչպե՞ս։ Դա կարող է օգտակար լինել բոլոր մասնակիցների և բոլոր երկրների համար»,- ասել է նա:

Քննարկմանը մասնակցել են նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում