Չինաստանում վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղերը լրջորեն վնասվել են

Մարտին Չինաստանի հարավում կործանված China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռի երկու սև արկղերը լրջորեն վնասվել են, և տվյալների վերականգնման աշխատանքները շարունակվում են` ասվում է Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության չորեքշաբթի զեկույցում:
«Ինքնաթիռի երկու ձայնագրիչները հարվածի հետևանքով լրջորեն վնասվել են, տվյալները վերականգնելու և վերլուծելու համար աշխատանքները դեռ շարունակվում են»,- ասվում է գործակալության պաշտոնական կայքում հրապարակված զեկույցի տեքստում։
Չորեքշաբթի օրը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի դրույթների և Չինաստանի ժողովրդական ավիացիայի կանոնակարգերի դրույթների պահանջներին համապատասխան՝ ՉԺՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նախաքննության վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Դեպքի վերաբերյալ ամբողջական հաղորդումը կհրապարակվի նախաքննության ավարտից հետո։
China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը, որը MU5735 չվերթով թռչում էր Կունմինգից Գուանչժոու, կործանվել է մարտի 21-ին Չինաստանի հարավում գտնվող Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Թենգ շրջանում` Վուչժոու քաղաքում: Ինքնաթիռում եղել է 132 մարդ, այդ թվում՝ 123 ուղևոր և անձնակազմի ինը անդամ, բոլորը մահացել են։ 2015 թվականից շահագործվող ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները դեռ հայտնի չեն։ Առաջին սև արկղը (ձայնագրիչ) հայտնաբերվել է մարտի 23-ին, երկրորդը (թռիչքի տվյալների ձայնագրիչ)՝ մարտի 27-ին։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ վթարի վայրում հավաքված նմուշներում դեռևս պայթուցիկ բաղադրիչներ չեն հայտնաբերվել:
Կարծիքներ