Մասիսի էլցանցում արձանագրվել է շուրջ 830 հազար կՎտ.ժ էլեկտրաէներգիայի թերգրանցման փաստ. հաղորդում կներկայացվի դատախազություն, գրություն՝ ՀԾԿՀ

Մասիսի էլցանցում արձանագրվել է շուրջ 830 հազար կՎտ.ժ էլեկտրաէներգիայի թերգրանցման փաստ. հաղորդում կներկայացվի դատախազություն, գրություն՝ ՀԾԿՀ

Մասիսի էլցանցում արձանագրվել է շուրջ 830 հազար կՎտ.ժ էլեկտրաէներգիայի թերգրանցման փաստ։ Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

 

«Նախօրեին անդրադարձել էի ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի Արտաշատ էլցանցում արձանագրված Ինքնավար էլեկտրաարտադրողների (արևային կայանների) կողմից արտադրված և Բաշխիչ ցանց հետ մղված (ՀԷՑ-ին մատակարարված) էլենտրաէներգիայի քանակի՝ ավելի քան 817 հազար կՎտ.ժ էլեկտրաէներգիայի թերգրանցումների փաստերին։

 

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ի Անվտանգության և վերահսկողության տնօրինության և «Արաքս» մասնաճյուղի ղեկավար կազմի արդյունավետ փոխգործակցությամբ իրականացված ստուգումների արդյունքում այս անգամ արդեն Մասիսի Էլ.ցանցում արձանագրվել է շուրջ 830 հազար կՎտ.ժ էլեկտրաէներգիայի թերգրանցման փաստեր։

 

Այս դեպքում թերգրանցումներն առնչվում են շուրջ 435 սպառող սուբյեկտների (ֆիզիկական և իրավաբանական անձինք), ում ՀԷՑ-ի կողմից դարձյալ պետք է մարվի այս անգամ արդեն ձևավորված 830,055 կՎտ.ժ կուտակումը, ինչը կրկին անխուսափելիորեն Ընկերությանը պատճառելու է առանձնապես խոշոր չափերի վնասներ։

 

Արձանագրված նոր փաստերի առթիվ իմ կողմից պատշաճ հաղորդում կներկայացվի Գլխավոր դատախազություն, ինչպես նաև համապատասխան գրություն կհասցեագրվի ՀԾԿՀ նախագահին, սակայն ինձ մեծապես մտահոգում է այն հանգամանքը և ողջամիտ կասկած ունեմ առ այն, որ այս և նմանատիպ մեքենայություններն ու առերևույթ իրավախախտումներն ակնհայտորեն կարծես թե համակարգային  բնույթ են կրել ժամանակին և դրանք ուղղակիորեն առնչվում են ոչ միայն Ընկերության կոմերցիոն շահին, այլ նաև փորձ է արվել «վնասել» հազարավոր մեր քաղաքացիների օրինական շահերին։

 

Ենթադրաբար, այս թերգրանցումներով ոմանք նպատակ են ունեցել՝ մի կողմից արհեստականորեն «նվազեցնելու» բաշխիչ ցանցում առկա իրական կորուստների ցուցանիշը, և մյուս կողմից՝ գուցե այդ կերպ «կուտակած» ահռելի քանակի էլեկտրաէներգիան «մոնետիզացնելու» այլ եղանակներ կան, որոնք դեռ պետք է փորձենք բացահայտել։

 

Վստահ եմ՝ ՀԷՑ-ում բացահայտված այս և նմանատիպ մյուս առերևույթ իրավախախտումների պատշաճ գնահատականները կտրվեն նախաքննական մարմինների կողմից, իսկ մեր քաղաքացիների շահերի վերականգնման և կրած վնասների փոխհատուցման գործընթացներն անշեղորեն իրականացվում է մեր կողմից՝ Օրենքով սահմանված դեպքերում և համապատասխան կարգով։

 

Հ.Գ. ՀԷՑ-ի ստորաբաժանումներում իրականացվող համալիր ստուգումների ու վերահսկողական գործառույթների մասշտաբներն ընդլայնվել են և առաջիկայում հանդես կգանք լրացուցիչ պարզաբանումներով»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում