Սահմանամերձ Նորաբակում լույս աշխարհ է եկել բազմաշունչ ընտանիքի յոթերորդ երեխան

Սահմանամերձ Նորաբակում լույս աշխարհ է եկել բազմաշունչ ընտանիքի յոթերորդ երեխան

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ Նորաբակ գյուղում՝ Ռուսլան Սահակյանի և Կարմելա Կարապետյանի  բազմաշունչ ընտանիքում, 2024 թվականի հունվարի 30-ին լույս աշխարհ է եկել յոթերորդ երեխան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի ԲԿ տնօրեն Շահեն Շահինյանից, տղա երեխան ծնվել է 3150 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։ Նորածինն արդեն կրում է Նարեկ անունը։

Ռուսլան Սահակյանի ընտանիքը 1991 թվականին բռնի տեղահանվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գետաշեն գյուղից և բնակություն հաստատել ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում։ Նորածնի մոր՝ Կարմելա Կարապետյանի ընտանիքը բռնի տեղահանվել է 1988 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Միրզիկ գյուղից և բնակություն հաստատել Վարդենիսի շրջանի Սոթք գյուղում։ Նրանց ընտանիքը հիմնադրվել է 2009 թվականին, առաջնեկը՝ Սերգեյը, ծնվել է 2010 թվականին։

Ռուսլան Սահակյանի տեղեկացմամբ՝ առաջնեկ արու ժառանգից հետո ծնվել են հինգ դուստրերը՝ Լիաննան, Անգելինան, Ռիման, Գայանեն, Նարինեն։ Նրանց երեխաներից չորսն այժմ հաճախում են Նորաբակի միջնակարգ դպրոց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում