Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ

Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ

Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՔՊԿ նախընտրական ծրագրում ներառնված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին։

Սիմոնյանը նշեց, որ լավ կլիներ, եթե մյուս կուսակցություններն էլ իրենց նախընտրական ծրագրերում ունենային Կտրիճ Ներսիսյանից և բոլոր այն անձանցից ազատվելու մասին որոշում, որոնք վարկաբեկում են Հայ Առաքելական եկեղեցին։

«Մեր ծրագիրն է, մենք ենք որոշում մեր քաղաքացիներին ինչ առաջարկել։ Սահմանադրություն չենք խախտում։ Դուք նույնականացնում եք անձերին կառույցների հետ։ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովը չէ։ Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա ՀԱԵ-ն չէ, դա թագավորություն չէ, դուրս եկեք թագավոր տրամաբանությունից, մի նույնացրեք անձերին կառույցի հետ։ Այսինք, որ դուք ընտրված վարչապետին եք քննադատում, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությա՞նն եք քննադատում։ Իհարկե՝ ոչ։ Այդ երկակի ստանդարտները երբ եք դադարեցնելու, հարգելի լրագֆրողներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիր 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և որդեգրում է ճանապարհային հետևյալ քարտեզը՝

 ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),

 բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,

 գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,

դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն։

Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքների ազատությունը ու վերահաստատում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որտեղ, Սահմանադրության համաձայն, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում