Տարոն Մարգարյանի գույքի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված

Տարոն Մարգարյանի գույքի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված:

Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 մլրդ դրամի գույքեր ու դրամական միջոցներ:

Հիշեցնենք նաև, որ դատախազը 2025 թվականի սեպտեմբերի 8-ին դատարան է հանձնել Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր նրա համար, որ նա, 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, իշխանական, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ:

Քրեական գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում