Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Վիրավորը տեղափոխվել է ԲԿ: Վիրահատվել է, այս պահին մեզ հասած տեղեկություններով կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել»,- ասաց Սարգսյանը:
Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։
Կարծիքներ