Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանիին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքներին, համագործակցության ուղղություններին ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվել է սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատակիցների մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացումը։
Անդրադառնալով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ իրականացված ծրագրերին՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է 2020 թ․ պատերազմի ընթացքում և հետպատերազմական ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն տեղահանված արցախցիներին կազմակերպության կողմից տրամադրված աջակցության կարևորությունը։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ իրականացված ծրագրերի դերը։ Ուրախ ենք շարունակելու մեր արդյունավետ համագործակցությունը հատկապես հասցեական աջակցության տրամադրման ու փորձի փոխանակման առումով, և պատրաստակամ ենք ընդլայնելու համագործակցության ուղղությունները»,- նշել է նախարարը։
Կավիտա Բելանին շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին՝ տարբեր երկրներից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար՝ նշելով, որ նույնիսկ դժվարին իրավիճակներում, Հայաստանը գրկաբաց ընդունում և աջակցում է տեղահանված անձանց։
«Չափազանց կարևորում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ հետագա սերտ համագործակցությունը, հատկապես սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատակիցների կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության տրամադրման, փախստականների բարորությանն ու նրանց ինտեգրմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման ոլորտներում»,- նշել է ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները նախատեսվող ծրագրերի իրականացման համար։
Կարծիքներ