Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Նախարար Միրզոյանը շնորհավորել է Պետրա Բայրին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ իր այցը Ստրասբուրգ խորհրդանշական է, քանի որ համընկնում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի հետ, և ընդգծել է ժողովրդավարական զարգացման ճանապարհին ԵԽ հետ ունեցած փոխգործակցության կարևորությունը։
«Հայաստանը ժողովրդավարություն է, և սա այլևս անդառնալի գործընթաց է, քանզի մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ չնայած զանազան մարտահրավերներին»,- հավելել է նախարար Միրզոյանը։
Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարական փոխգործակցության կարևորությունը, ինչի վկայությունն է ԵԽԽՎ հարթակում ՀՀ պատվիրակության անդամների ակտիվ ներգրավվածությունը։
Արարատ Միրզոյանը և Պետրա Բայրը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման ու ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացված և ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։
ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար առավել կարևորություն ներկայացնող հարցերում ԵԽԽՎ ցուցաբերած հետևողական աջակցության համար։


Կարծիքներ