Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման

Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման

Բուենոս Այրեսում ապրիլի 23-ին մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի երթի՝ ընդդեմ համալսարանական կրթության ոլորտում Արգենտինայի իշխանությունների բարեփոխումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Página 12 պարբերականը՝ վկայակոչելով Արգենտինայի համալսարանների դասախոսների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կառլոս դե Ֆեոյին:

«Այսօր այս հրապարակում են 800 հազար արգենտինացիներ և ավելի քան մեկ միլիոն ամբողջ երկրում, ովքեր հպարտանում են մեր պետական ​​համալսարանով», - ասել է դե Ֆեոն Մայոյի հրապարակում նախագահական պալատի դիմաց գտնվող բեմից։

Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ամբողջ երկրում։ Դրանք կազմակերպել են հանրապետության 57 պետական համալսարանների ներկայացուցիչները։ Նրանց են միացել նաև մի քանի արհմիություններ։

Արգենտինացիները հանդես են եկել ի պաշտպանություն հանրամատչելի և անվճար բարձրագույն կրթության՝ երկրի նախագահ Խավիեր Միլեյի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ֆոնին, որոնք նախատեսում են, մասնավորապես, կրթական համակարգի պետական ​​ֆինանսավորման կրճատում:

Միլեյը, որը նախագահի պաշտոնն ստանձնել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին, պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում երկրի իրավիճակը բնութագրել է որպես «կրիտիկական» և հայտարարել է տնտեսության մեջ «շոկային միջոցառումների» անհրաժեշտության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում